Invest in Armenia’s Talent – Help Us Provide World-Class Education at No Cost to Locals. Donate here.
Ասա՝ ինչ անեմ, անեմ կամ ի՞նչ է պակասում մեր ՏՏ համայնքում
Ani Sahakyan
Dec 29, 2021 - 3 min read
Մենք հաճախ ենք լսում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, առաջատար ճյուղերի և նոր նախագծերի մասին։ Հատկապես վերջերս շատ են պտտվում լուրեր այն մասին, որ նոր ներդրումներ են սպասվում, այս կամ այն մեծ կազմակերպությունը պատրաստվում է մասնաճյուղ հիմնել Հայաստանում։ ՏՏ-ն անընդհատ ընթացքի մեջ են և, ի ուրախություն մեզ, Հայաստանը նույնպես այդ մեծ փոփոխությունների մաս է կազմում։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ տնտեսության մեջ այս տեղաշարժերի արդյունքը այնքան մեծ չէ, որքան կարող է թվալ։
Բիզնեսում outsourcing մոդելը կիրառելիս կազմակերպությունը կամ ստարտափը վարձում է թիմ կամ այլ կազմակերպություն՝ որոշակի գործառույթ կամ ծառայություն իրականացնելու համար։ Նախկին ԽՍՀՄ տարածքում մի շարք երկրներ այսօր նոր գաղափարների և արդյունավետ աշխատուժի «մատակարարներ» են։ Այս առումով Հայաստանը կարողանում է ապահովել ծրագրավորողների, դիզայներների և մի շարք այլ մասնագետների շուկա, ինչպես օրինակ՝ Բելառուսը և Ուկրաինան։ Outsourcing-ը ոչ միայն մոդել է, որից օգտվում են շատ կազմակերպություններ, այլ նաև մտածողություն՝ իր դրական և բացասական կողմերով։ Բիզնեսի տեսանկյունից սա արդյունավետությունը բարձրացնելու հնարավորություն է, որն օգնում է ճիշտ բաշխել աշխատանքը՝ վստահելով այն համապատասխան թիմերին, տարբերել առաջնայնությունները, խնայել ժամանակ և իհարկե ֆինանսներ։
Մեր աշխատաշուկայի համար այս հնարավորություններից օգտվելը հիանալի է թվում։ Բայց Հայաստանում, ինչպես փորձը ցույց է տալիս, տնտեսությունն այս համագործակցություններից չի շահում այնքան, որքան կարող էր այլ դեպքում։ Հասկանալու համար եկեք փորձենք տեսնել նույն իրավիճակը մի քիչ ավելի փոքր, կենցաղային մակարդակում։ Պատկերացրեք մի մեծ կազմակերպություն, որտեղ որոշ աշխատակիցներ չեն կարողանում նախաձեռնողականություն ցուցաբերել, կայացնել ինքնուրույն որոշումներ և պատրաստ են աշխատել միայն հանձնարարվածի և «թույլատրելիի» սահմաններում։ Եթե երբևէ աշխատել եք նման թիմակցի հետ, ապա կհաստատեք, որ արդյունքը այնքան էլ արագ և գոհացուցիչ չի ստացվում։ Նման աշխատակիցները պահանջում են անընդհատ ուշադրություն, ունեն շատ հարցեր և, հիմնականում, անհամեմատ քիչ լուծումներ։ Իհարկե հնարավոր է ինքնավստահություն ներշնչել և մոտիվացնել նման աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան oգտագործել իրենց տրված ազատությունը և վերջապես սկսեն ստեղծագործել: Հայաստանը, կարծես, այսպիսի մի աշխատակից լինի մեծ էկոհամակարգում, ով միշտ ասում է՝ ասեք՝ ինչ անեմ, անեմ։ Այս երևույթն ունի մշակութային, կրթական և այլ տարբեր պատճառներ։
Մենք ունենք արդեն կայացած հիանալի նախագծեր և հաջողված ստարտափներ, բայց վստահ ենք, որ ներուժն ավելի մեծ է։ Ի՞նչ կլինի, եթե ծառայություններ մատուցող երկրից վերածվենք արդյունահանող երկրի։ Եթե Ձեզ այս հեռանկարը մի պահ անիրական թվաց, ապա փորձենք բերել մի համոզիչ օրինակ։ Էստոնիան համարվում է Եվրոպայի տեխնոլոգիական գլխավոր հանգույցներից մեկը և առաջինն է մեկ շնչի հաշվարկով tech unicorn-ների թվով։ Ի դեպ, Էստոնիայի բնակչության թիվն ընդամենը 1,3 միլիոն է։ Այսպիսի հաջողության մեջ մեծ դեր ունի պետական քաղաքականությունը։ Ըստ Էստոնիայի նախկին նախագահ Կերստի Կալյուլայդի՝ գաղտնիքը նրանում է, որ պետությունը մարդկանց առաջարկում է այնպիսի պայմաններ, որ սովորաբար առաջարկում են մասնավոր կազմակերպությունները։ Օրինակ՝ հանրային ծառայություններն Էստոնիայում մոտ 90%-ով թվայնացված են։ Էստոնիան առաջին պետությունն է, որ ներդրել է օնլայն քվեարկության համակարգը։ Այս ամենն իրականացնելու համար կառավարությունները տարիներ շարունակ հրավիրել են մի շարք մասնավոր ընկերությունների՝ ծառայությունների մատուցման նոր հնարավորությունները փորձարկելու և տարբեր հարթակներ ստեղծելու համար։
Այս փոքրիկ պետությունն ու թվային հանրությունը գրավում են շատ ձեռնարկատերերի և ներդրումային ընկերությունների։ Ստարտափների էկոհամակարգը, ինչպես հասկացաք, ևս շատ բազմազան ու խոստումնալից է։ Այսօր այնտեղ գործում են ավելի քան հազար ստարտափներ՝ հիմնված էստոնացիների և օտարերկրացիների կողմից։ Էստոնիայում է հիմնադրվել նաև բոլորիս հայտնի Skype-ը։
Պետական ռազմավարական պլանը նախատեսում է էլ ավելի մեծ նախաձեռնություններ ոլորտի համար։ Իսկ արդեն ստացված արդյունքների մասին տվյալները կարելի է ստուգել տնտեսական ցուցանիշներում։ Օրինակ՝ ՀՆԱ-յի շուրջ 35%-ը ապահովում են տեխնոլոգիական ընկերությունները։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-յում այդ թիվը չի գերազանցում 2,5%-ը։ Դե, կարծես թե Էստոնիան չի սպասում ապագային, այլ կառուցում է այն։ Այս ճանապարհն արդեն տեսանելի է մեզ համար և կարող է ուղեցույց լինել։
Իսկ ի՞նչ է պետք անել այս մոդելին հետևելու և նոր հեռանկարներ ստեղծելու համար։ Buildup թիմում հավաքվել են մարդիկ, ովքեր հավատում են, որ հնարավոր է ունենալ ՏՏ համայնք, որը ոչ միայն կտրամադրի մարդկային ռեսուրսներ, այլ նաև պատրաստ կլինի աշխարհին ներկայանալ նոր գաղափարներով ու պրոդուկտներով, որոնց վրա կաշխատեն միջազգային մակարդակի մասնագետներ։ Քայլ առ քայլ կարելի է հասնել մի վիճակի, երբ մրցակցայինությունը կբարձրանա, կստեղծվեն ստարտափներ՝ պատրաստ նոր մարտահրավերների, կձևավորվի էքպերտային համայնք, որը կապահովի բիզնեսի իրագործան բոլոր օղակների առողջ աշխատանքը։ Ավելորդ է ասել, թե ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ այս մոդելի լիարժեք աշխատանքը տնտեսության և ոլորտի հետագա ձևավորման վրա։
Ի վերջո, ամեն ինչ համարձակ ու հաստատուն քայլեր անելու մասին է, ինչն էլ, կարծում ենք, պետք է մասնագիտական համայնքին։ Նոր հայացքը և տեսլականը կարող են նոր արդյունք ապահովել։